ՔՊ–ն այսօր նեղ կազմով կքննարկի Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը. «Ժողովուրդ»

Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ձայների մեծամասնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Այսօր ՔՊ-ական վերնախավը վարչության նիստում կքննարկի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը և ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի պահվածքը հոկտեմբերի 15-ի ԱԺ լսումների ժամանակ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Հոկտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի և իշխող ուժից պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև խորհրդարանում լեզվակռիվ էր տեղի ունեցել: Այս միջադեպից հետո մամուլում լուրեր տարածվեցին, որ վիճաբանության կազմակերպիչն, իբր, հենց Քոչարյանն է եղել։ Դեպքից հետո նաև լուրեր են շրջանառվում, որ Քոչարյանի հրաժարականը պահանջող «Քաղաքացիական պայմանագրի» անդամների թիվը գնալով աճում է։
«Նախատեսվում է, որ երբ վարչության նիստն ավարտվի, ձևավորված տրամադրություններից հետո միայն ՔՊ-ն նաև խմբակցության նիստ կհրավիրի Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցով։ Իշխանական պատգամավորները կքվեարկեն, և իրենց համաձայնության դեպքում Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցով նախաձեռնությունը կմտնի նաև ԱԺ լիագումար նիստերի օրակարգ»,–գրում է թերթը:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 149-րդ հոդվածի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ձայների մեծամասնությամբ (եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին):
Բոլոր դեպքերով կան կարգապահական վարույթներ. Փաշինյանը` Աղազարյան–Քյարամյան կոնֆլիկտի մասին
Ինչ վերաբերում է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու հետ կապված քրեական վարույթին, «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Վահե Աղազարյանն իր գործունեության ընթացքում եղել է նաև պաշտոնատար անձ, այն էլ՝ ՊԵԿ մաքսային հատվածի։
«Այդ գործը թերևս պետք է քննվի հակակոռուպցիոն կոմիտեում: Գուցե նրան հետին թվով ազատել են աշխատանքից, գուցե`ոչ. ճշտել չհաջողվեց: Սակայն Վահե Աղազարյանի արդեն հայտնի քրեական հոդվածին եթե գումարվի պաշտոնական դիրքի ենթադրյալ չարաշահումը, ուրեմն արդար քննության դեպքում նրա հայրը, օգտվելով պատգամավորական մանդատի դեռեւս առկա հնարավորություններից, պետք է կալանավայր գնա՝ որդուն այցելության»,–գրում է թերթը:
Հիշեցնենք, որ պատգամավոր Աղազարյանը հայտարարել էր, որ տեղեկանալով օրենքի բացի մասին՝ իր որդուն խորհուրդ է տվել մեքենաներ ներկրել Հայաստան և ստանալ ԱԱՀ-ն պետությունից, և դրա համար հիմա քրեական գործով է անցնում՝ պետությանը վնաս տալու հատկանիշով: