ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը ՆԱՏՕ-ին զգուշացնում է, որ Մոսկվայի նկատմամբ դաշինքի կամ նրա առանձին անդամ երկրների ագրեսիվ գործողությունների դեպքում օվկիանոսից այն կողմ հանգիստ նստել ու սպասել չի ստացվի. Մոսկվայի պատասխանը համարժեք կլինի: Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
«Մեր ընդդիմախոսները չպետք է շփոթվեն։ Մեր երկրի դեմ ՆԱՏՕ-ի կամ առանձին անդամ պետությունների ագրեսիվ գործողությունների դեպքում կձեռնարկվեն համարժեք պատասխան միջոցներ՝ լիովին համապատասխան ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության ինքնիշխան իրավունքին և սեփական անվտանգությունն ապահովելու համար ցանկացած միջոց օգտագործելուն: Եվ ոչ ոք հանգիստ չի նստի ու սպասի ո՛չ Ատլանտյան օվկիանոսից, ո՛չ էլ Լա Մանշից այն կողմ», - ասել Է Լավրովը։
Նա ընդգծել է` Մոսկվայում չեն կարող հաշվի չառնել, որ ՆԱՏՕ-ն վաղուց չի թաքցնում իր ագրեսիվ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Լավրովը հիշեցրել է, որ դաշինքի ռազմավարություններում Ռուսաստանը նկարագրվում է որպես «անվտանգության առավել նշանակալի և անմիջական սպառնալիք», իսկ ՆԱՏՕ-ի ղեկավարությունն անընդհատ խոսում է այն մասին, որ առաջիկա տարիներին Ռուսաստանն իբր պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա: Միաժամանակ արագացված տեմպերով ընթանում է Եվրոպայի ռազմականացումը, զորավարժությունների ընթացքում ՆԱՏՕ-ի ուժերը հարձակողական գործողություններ են մշակում Ռուսաստանի դեմ:
Նա ընդգծել է, որ եթե արևմտյան հեռահար սպառազինությունը կիրառվի Կիևի կողմից Ռուսաստանի տարածքի խորքը հարվածելու համար, ապա դա կնշանակի, որ ոչ միայն Ուկրաինան, այլև ՆԱՏՕ-ի երկրները Ռուսաստանի դեմ կռվում են արդեն բացահայտ՝ այլևս չամաչելով ուրիշի դրոշի ներքո վարձկանների, կամավորների և հրահանգիչների մասին փաստերը թաքցնելուց:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են ոչ միայն Ուկրաինային հեռահար սպառազինություն մատակարարելու հնարավորությունը, այլև փաստացի ներքաշվում են ուկրաինական հակամարտության մեջ։ Նա նշել էր, որ նման միջամտությունը կփոխի հակամարտության բնույթը, և Ռուսաստանը ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ ելնելով առաջացող սպառնալիքներից: