ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպություններից մեկն ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դեբետային մնացորդներ առաջացնելու, այնուհետև դրանք պետությունից հետ ստանալու ուղղությամբ քայլեր է կատարել և պետությանը պատճառել 900 մլն դրամի վնաս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Ընկերությունն իր հետ փաստացի փոխկապակցված մեկ այլ կազմակերպությունից ստացել է ապրանքների մատակարարման հարկային հաշիվներ` առաջացնելով շուրջ 900.000.000 դրամի ԱԱՀ դեբետային գումար և միջոցներ է ձեռնարկել դեբետային գումարները հետ ստանալու ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը):
Իրականացված նախաքննության ընթացքում պատասխանատու անձանց կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկներ, իսկ վերոնշյալ դեբետային գումարներն ուղղվել են այդ ճշտումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների մարմանը:
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 900․000․000 դրամը վերադարձվել է պետությանը։