ՀՅԴ–ն կոչ է անում հանգանակություն սկսել լիբանանահայությանը օգնելու համար

Լիբանան
Դաշնակցությունն ահազանգում է` Լիբանանի հայությունը կարող է լուրջ վտանգի առաջ կանգնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ ՀՅԴ բյուրոն կոչ է անում զորավիգ լինել լիբանանահայությանը և հանգանակություն սկսել։
2024 թվականի սեպտեմբերից երկիրն անընդհատ ենթարկվում է հարձակումների։
«Այս նոր ճգնաժամի օրերին անհրաժեշտ է զորավիգ լինել լիբանանահայությանը, օժանդակության ձեռք մեկնելը յուրաքանչյուրիս պարտքն է»,– նշված է ՀՅԴ բյուրոյի տարածած հայտարարության մեջ։
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեն տեղում անմիջականորեն հետևում է երկրում տիրող իրավիճակին, մշտական կապի մեջ է հայկական կուսակցությունների, միությունների, տարբեր հաստատությունների հետ` հայկական համայնքի անվտանգության պահպանման և ծագող խնդիրները լուծելու համար։
Բյուրոյից շեշտում են, որ այս ծանր իրավիճակում անհրաժեշտ է, որ շարունակեն գործել կրթական հաստատությունները: Պետք է ձեռք մեկնել կարիքավորներին, որոնց թիվն ավելանում է։
«Մեր կազմակերպությունն իր ակումբներով, գրասենյակներով և կառույցներով, ուղեկից միություններով (Հայ օգնության միություն - Լիբանանահայ օգնության խաչ, Հայ մարմնակրթական ընդհանուր միություն և Համազգային) ակտիվ աշխատանք իրականացնելով հանդերձ` կարողությունների նվազագույն աստիճանին է հասել և գոյատևելու լուրջ խնդիր ունի»,- հայտնում են ՀՅԴ բյուրոյից։
Դաշնակությունը շեշտում է, որ կարևոր է զորակցել հայկական կառույցների գոյատևմանը, առանց որոնց Լիբանանի հայությունը լուրջ վտանգի առաջ կկանգնի։ Հենց այդ նպատակով էլ կոչ է արվում հանգանակություն սկսել։
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիա զինյալներն ի պատասխան հարձակվեցին Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ պայթեց Հայֆայի բնակելի թաղամասերում։