ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքացիների 57,6%-ը դժգոհ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունից։ Այս մասին ասուլիսում հայտարարեց GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման արդյունքները, որին մասնակցել է 1100 ՀՀ քաղաքացի։
Նրա խոսքով, հարցվածների 41,5%-ը «ընդհանրապես բացասական» է գնահատում վարչապետի գործունեությունը, իսկ 16,1%-ը՝ «ավելի շուտ բացասական», 14,1 տոկոսը՝ «լիովին դրական», 20,4 տոկոսը՝ «ավելի շուտ դրական»։ Հարցին դժվարացել է պատասխանել 7,9%-ը։
Ընդհանուր առմամբ ՀՀ կառավարության գործունեությունը «ավելի շուտ բացասական» է գնահատում հարցվածների 20,9%-ը, «ընդհանրապես բացասական»՝ 35,4%-ը, «լիովին դրական»՝ 13,5%-ը, իսկ «ավելի շուտ դրական» է գնահատում 24,3 %-ը։ Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 5,9%-ը։
ՀՀ նախագահի գործունեությունը «ավելի շուտ բացասական» է գնահատում 16,3 %-ը, «ընդհանրապես բացասական» է գնահատում 39 %-ը, «լիովին դրական է» գնահատում հարցվածների 8,6 %-ը, իսկ «ավելի շուտ դրական» է գնահատում 16,2 %-ը։ Հարցին դժվարացել է պատասխանել 19,9%-ը։
ՀՀ Ազգայի ժողովի գործունեությունը «ավելի շուտ բացասական» է գնահատում հարցվածների 23,5%-ը, «ընդհանրապես բացասական» է գնահատում 43%-ը, «լիովին դրական» է գնահատում 8,6 %-ը, իսկ «ավելի շուտ դրական» է գնահատում 17 %-ը։ Հարցին դժվարացել է պատասխանել 7,8%-ը։
ՀՀ քաղաքացիները նաև դժգոհ են ԱԺ բոլոր խմբակցությունների աշխատանքից։ Նրանք 5 բալանոց սանդղակից, պայմանով, որ դրական շեմը համարվում է 3 բալը, նման գնահատականներ են տվել. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստացել է 2,3 բալ, «Հայաստան» խմբակցությունը՝ 2 բալ, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը` 1,9 բալ։
Հեռախոսային հարցումն անցկացվել է հոկտեմբերի 24-ից հոկտեմբերի 30-ը, որին մասնակցել է 1100 քաղաքացի: