ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Երևանի Աբովյան փողոցում 46-ամյա մի տղամարդ վիճաբանել է 16 տարեկան անչափահասի և 18 ու 24 տարեկան երիտասարդների հետ հետ, ինչից հետո անչափահասը կտրող-ծակող առարկայով հարվածել է տղամարդուն։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը հիվանդանոցից ստացվել է նոյեմբերի 4-ի ժամը 7։35-ին, իսկ վիճաբանությունը եղել է ժամը 05։45-ի սահմաններում։
«Պարզվել է, որ 46-ամյա տղամարդը Աբովյան փողոցում անձնական հարցերի շուրջ վիճաբանել է 16, 18 և 24 տարեկան 3 երիտասարդի հետ, որի ընթացքում 16-ամյա պատանին դանակահարել է նրան: Հետագա միջոցառումների արդյունքում 16-ամյա պատանին և 18-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության կենտրոնական բաժին»,- ասված է հաղորդագրությունում:
Տուժածը տեղափոխվել է «Հերացի» բժշկական կենտրոն։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են: