ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջեբալիա շրջանի «Քամալ Ադվան» հիվանդանոցին Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հասցրած հարվածի հետևանքով նորածիններ են տուժել։ Այս մասին հայտնում է «Al Jazeera» հեռուստաալիքը։
«Իսրայելի ռազմական ինքնաթիռներն ու անօդաչուները հարված են հասցրել ինկուբատորներով (նորածինների համար, – խմբ.) հիվանդանոցի մանկական բաժնին։ Վերևի հարկերը վնասվել են, որոշ երեխաներ և նորածիններ վիրավորում են ստացել», – հայտարարել է հիվանդանոցի քույրական ծառայության ղեկավար Իդա Սաբահը։
Նրա խոսքով` տուժել են նաև լրագրողներ, բուժքույրեր և այլ բուժաշխատողներ։
Սաբահը նշել է, որ հիվանդանոցի ներքևի հարկերը, ուր աշխատակիցները ստիպված են եղել իջեցնել նորածիններին, անհրաժեշտ ինկուբատորներով և բժշկական այլ սարքավորումներով հագեցած չեն։
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման մարտիկները ներթափանցել են սահմանամերձ շրջաններ` կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց ուղղությամբ և պատանդ վերցնելով ավելի քան 200 հոգու։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարեց անկլավի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվեցին ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և դեղորայքի մատակարարումները։
Առողջապահության նախարարության տվյալներով`հակամարտության սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 42 հազար պաղեստինցի, ավելի քան 100 հազարը տուժել են։