Թեպետ այս պահին Գյումրին համայնքապետ չունի, բայց քաղաքն անկառավարելի չէ․Մուրադյան

Sputnik
««Բալասանյան» դաշինքի անդամները քաղաքականությունից ցանկացել են դուրս գալ, դրա համար վայր են դրել մանդատները»․-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ վստահեցնելով, որ ընթացող իրավական գործընթացները քաղաքականի հետ կապ չունեն։
Հոկտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, մանդատից հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն են ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Գրեթե միաժամանակ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալելու որոշում կա նաև Սամվել Բալասանյանի մասով։
Եվ չնայած Բալասանյան ընտանիքի անդամների ձերբակալությունները համընկան «Բալասանյան դաշինքի» անդամների` քաղաքականությունից դուրս գալու «ցանկության» հետ, Շիրակի մարզպետը հավատացնում է, որ դրանք իրարից անկախ գործընթացներ են։
«Էնտեղ իրավական համակարգի տիրույթում է գործընթացը, իսկ էստեղ քաղաքական պրոցես է. իրենք ընդհանրապես ցանկացել են դուրս գալ քաղաքականությունից»,- ասել է մարզպետը։Նրա խոսքով՝ թեպետ այս պահին Գյումրին համայնքապետ չունի, բայց քաղաքն անկառավարելի չէ։