2025 թվականին Հայաստանում 5 փոքր ջրամբար կկառուցվի. Սանոսյան

Ջրամբար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտնեց, որ բացի հինգ փոքր ջրամբարներից, պատրաստ են նաև 28 շատ փոքր ջրամբարների նախագծերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. 2025 թվականին Հայաստանում 5 փոքր ջրամբարների շինարարություն կսկսվի։ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այդ մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով` ընդհանուր առմամբ 2025 թվականին ոռոգման համակարգում շինարարական աշխատանքների համար կհատկացվի 30,7 մլրդ դրամ։
Մասնավորապես կշարունակվեն խոշոր նախագծերի` Վեդիի և Կապսի ջրամբարների աշխատանքները, և կսկսվի փոքրերի շինարարությունը։
Բացի նշված 5 փոքր ջրամբարներից, պատրաստ են նաև 28 շատ փոքր ջրամբարների նախագծերը։ Այս փոքր ջրամբարներն օգնում են կարգավորել խոշոր ջրամբարներից դեպի ջրանցքներ ջրի մատակարարումը:
Ի դեպ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2025 թվականի բյուջեն կկազմի 356,3 մլրդ դրամ, որը կծախսվի 20 ծրագրի ու 113 միջոցառման իրականացման համար։
Ի՞նչ կառուցել ու ի՞նչ նպատակով. փորձագետները` ՀՀ–ում նոր ատոմակայանի խնդրի մասին