ՊԵԿ–ը 2023 թ. կառուցապատողներին 63 մլրդ դրամի ԱԱՀ է վերադարձրել. Բադասյան

Շինարարություն
Կառուցապատողները պետք է հաշվարկեն և ԱԱՀ վճարեն բնակարանների վաճառքից եկամուտ ստանալու պահին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Վերջին տարիներին ՀՀ–ում շինարարության ոլորտում գրանցված աճը, որը հիմնականում պայմանավորված է տնտեսվարողներին ԱԱՀ–ի վերադարձով, համահունչ չէ այդ ոլորտում առաջացող հարկերին։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ դժգոհեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նա հիշեցրեց, որ ԱԱՀ վճարելու պարտականությունն առաջանում է այն դեպքում, երբ բնակարաններն արդեն իսկ գրանցվում են կադաստրում։
100 դրամ եկամուտ հավաքելու համար ՊԵԿ-ը ծախսում է 1,18 դրամ․ Բադասյան
Բադասյանը տեղեկացրեց, որ 2022–23 թթ. շինարարության ոլորտում անվանական աճը կազմել է համապատասխանաբար 27.7 տոկոս և 13.2 տոկոս, բայց վճարման ենթակա ԱԱՀ–ն բացասական դինամիկա ունի։
«Օրինակ` միայն 2023 թվականին հարկ վճարողներին վերադարձրել ենք 63 մլրդ դրամի ԱԱՀ։ Կարելի է ասել, որ ֆինանսավորել ենք այս ոլորտում տեղի ունեցող աճը։ Այսինքն` հարկ վճարողն այդ գումարը ներդրել է տնտեսության մեջ, նպաստել է տնտեսական աճին, ստեղծել է աշխատատեղեր, ի վերջո, բնակարանային ֆոնդն է թարմացվել ու թարմացվում»,– նշեց Բադասյանը։
ՊԵԿ նախագահի խոսքով` կադաստրի տվյալների հիման վրա 142 մլրդ դրամի ԱԱՀ կրեդիտ կա, այսինքն` 2025–26 թթ., երբ նոր կառույցների բնակարանները կգրանցվեն կադաստրում, այդքան գումար կհավաքագրեն։
Նշենք, որ կառուցապատողները պետք է հաշվարկեն և ԱԱՀ վճարեն բնակարանների վաճառքից եկամուտ ստանալու պահին։
1 տրլ 767 մլն դրամ հարկային եկամուտ է հավաքագրվել 2024 թ. 9 ամիսների տվյալներով. Բադասյան