Մոլդովայի ընդդիմությունն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

Քվեաթերթիկ
Ընդդիմությունը համոզված է, որ արտերկրում գտնվող ընտրատեղամասերում զանգվածային ընտրակեղծիքներ են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Մոլդովայի ընդդիմությունը չի ճանաչում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները և դրանք կվիճարկի Սահմանադրական դատարանում: Այդ մասին հայտարարել են միանգամից երկու քաղաքական ուժեր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոլդովայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախնական տվյալներով` քվեների 55,33%–ով առաջատարը Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն է։
Սոցիալիստների կուսակցությունը, որի կողմից նախագահի թեկնածու էր առաջադրվել Ալեքսանդր Ստոյանոգլոն, հայտարարել է ընտրակեղծիքների մասին՝ Սանդուին անվանելով ոչ լեգիտիմ նախագահ:
«Նրան ընդունում են միայն իր հովանավորներն ու արտերկրի հրահանգիչները։ Մոլդովայի ժողովուրդն իրեն խաբված և կողոպտված է զգում», - ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ։
Մոլդովական ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Իլան Շորն էլ հայտարարել է, որ դաշինքը չի ճանաչում ընտրությունների պաշտոնական արդյունքները և դրանք վիճարկելու է Սահմանադրական դատարանում:
«Եթե Սանդուն պահպանի նախագահի պաշտոնը, նա կզավթի իշխանությունը։ ԿԸՀ-ի որոշումները վիճարկելու ենք Սահմանադրական դատարանում։ Մենք պայքարելու ենք, քանի որ չենք կարող ընդունել այն ամենաթողությունը, որը կազմակերպել է երկրում իշխանությունը զավթած արևմտյան ուժերի խմբավորումը» - ասել է նա «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Մոլդովայի ԿԸՀ նախնական տվյալներով՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ալեքսանդր Ստոյանոգլոյի (նախկին գլխավոր դատախազ, ծագումով Գագաուզիայից) օգտին քվեարկել է ընտրողների 44,67 %–ը:
Ձայների հաշվարկը սկսվելուց հետո Ստոյանոգլոն փոքր առավելությամբ առաջատարն էր, բայց արտերկրում քվեարկության արձանագրությունների արդյունքները ստանալուց հետո պատկերը փոխվեց։
Ակնկալում եմ համատեղ աշխատանք. Փաշինյանը շնորհավորել է Սանդուին