ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը պահանջագիր է հղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։
Շարժումն առաջարկում է ուսումնասիրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման փաստաթղթային վավերացում ունեցող պատմությունը և պատասխանատվության կոչել ԱՄՆ ընկերություն հանդիսացող Google.maps-ին։
«Google.maps-ի տարածած քարտեզներում, համահունչ Ադրբեջանի զավթողական տարածքային պահանջներին, ապօրինի առաջ է տանում Արցախի բնակչության էթնիկ զտում կազմակերպած Իլհամ Ալիևի հակաժողովրդավար, հանցագործ վարչակազմի գիծը, որը ՀՀ քարտեզներում «գտնում է», այսպես կոչված, «ադրբեջանական տարածքներ»՝ «անկլավներ»՝ դրանով իսկ յուրովի «վավերացնելով» Ադրբեջանի բռնազավթիչ քաղաքականությունը, խաթարելով ՀՀ ինքնիշխան տարածքների անձեռնմխելիությունը։ Դա էլ բավական չէ, ՀՀ տարածքն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ Google.Maps-ի այսօրվա քարտեզները ցույց են տալիս ՀՀ հյուսիս-արևելքում ադրբեջանական 2 անկլավների (Վերին Ասկեպար և Ազատամուտ կամ Սոֆլու-Բարխուդարլի), ինչպես նաև Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) անկլավի գոյությունը։
«1984-1987թթ ՀԽՍՀ և ԱդԽՍՀ կողմից ստեղծված միջպետական սահմանների ճշգրտման ու սահմանագծման հանձնաժողովն ամրագրել է, որ Ադրբեջանը ՀՀ տարածքում էքսկլավներ չունի։ Նշված անկլավ-էքսկլավները ադրբեջանական ճանաչելու եռակողմ վավերացված որոշումներ չկան»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցվում է, որ ՀՀ-ն բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ելնելով Ալմա Աթիում ստորագրված հռչակագրից։ Հռչակագիրն իր հերթին վկայակոչում է այդ հանրապետությունների միջև խորհրդային տարիներին առկա սահմանները։ Նշանակում է՝ նման անկլավ-էքսկլավներ չեն եղել․ դրանք միմիայն Ադրբեջանի ներկայիս հանցագործ վարչախմբի տարածքային նկրտումների արտահայտությունն են։
«Google.maps-ի նման վարքագիծը լիովին հակասում է ԱՄՆ որդեգրած քաղաքականությանը, միջազգային իրավունքի գերակայությանը և ժողովրդավարական արժեքներին, ուստի ակնկալում ենք ԱՄՆ դեսպանատան գործուն ներգրավվածությունն այս կնճռոտ խնդրի լուծման հարցում»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Միասին» շարժումից նաև հայտնել են, որ ըստ անհրաժեշտության պատրաստ են տրամադրել ԽՍՀՄ շրջանի վերջին սահմանազատում-սահմանագծումների բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ Հայաստանի ԽՍՀ, Ադրբեջանի ԽՍՀ և Խորհրդային կենտրոնական իշխանության պատասխանատու անձերի ստորագրություններով։
Շարժումն իր անվերապահ աջակցությունն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների շուրջ 60 անդամների նախաձեռնությանը, որոնք դիմել են ԱՄՆ իշխանություններին՝ COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, ապօրինի պատանդառության, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթման համար։ Ինչպես նաև պահանջել բոլոր քաղբանտարկյալների, պատանդների և ռազմագերիների, ներառյալ՝ էթնիկ հայերի, անհապաղ և անվերապահ ազատ արձակումը՝ COP29-ին ընդառաջ բարենպաստ դիվանագիտական միջավայր ունենալու համար։
«Միասին» շարժումը հույս է հայտնել, որ ԱՄՆ դեսպանատունն իր լծակներով համերաշխություն կհայտնի այս նախաձեռնության իրականացմանն ուղղված բոլոր քայլերին։