ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Սիրիայում լիբանանյան «Հզբոլլահ» շարժման հետախուզական շտաբի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությանը։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ՌՕՈւ–ն օդային գործողություն իրականացրեց և հարվածներ հասցրեց Սիրիայում «Հզբոլլահ» շարժման հետախուզական շտաբին պատկանող ահաբեկչական օբյեկտներին: Խոսքը «Հզբոլլահի» կենտրոնական հետախուզական մարմնի մասին է, որը պատասխանատու է հետախուզական տվյալների գնահատման, հետախուզական գործունեության ղեկավարման, ինչպես նաև հետախուզական տվյալների հավաքման և հայտնաբերման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Զինվորականները հավելել են, որ Լիբանանում և Սիրիայում հարձակումների ժամանակ զգալի վնաս է հասցվել «Հզբոլլահի» հետախուզական հնարավորություններին։