Հրազդանում նոր աղբավայրը կառուցվել է, ներմուծվել է 28 աղբատար. Սանոսյան

ՎԶԵԲ-ն առաջարկում է Հայաստանի հյուսիսում, հարավում, կենտրոնում ունենալ մեկական խոշոր աղբավայր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում կոշտ թափոնների կառավարման համար կառավարությունը Հրազդանում ավարտում է նոր աղբավայրի կառուցման ծրագիրը։ Այդ մասին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Այն բավականին երկար ծրագիր է, բավական դժվարություններ անցավ` մինչև հասանք այս փուլին։ Դա նրանից էր, որ նման աղբավայր ունենալը մեր երկրի առաջին փորձն էր։ Այն կսպասարկի երկու մարզ` Կոտայքի և Գեղարքունիքի»,– նշեց նախարարը։
Սանոսյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ ներմուծվել է 28 աղբատար մեքենա, ինչպես նաև ձեռք են բերվել աղբամանները։
«Հրազդանի աղբավայրի և մյուս փոխադրման կայանների կառուցումը գտնվում են ավարտական ակտերի փուլերում։ Հնարավոր է` այս ծրագրի մի մասը սկսի աշխատել Հրազդան–Ծաղկաձոր քաղաքների համար, ապա արդեն իսկ տարածենք երկու մարզերի վրա։ Եթե այս աղբավայրն աշխատի մեր ակնկալածին համահունչ, ապա այս սցենարը կտարածենք նաև մյուս մարզերի վրա»,– ասաց նախարարը։
Ըստ նրա` որքան էլ աշխարհում աղբի վերամշակումը հետաքրքիր բիզնես ծրագիր է, սակայն աղբավայրերի այն մոդելները, որ կան ՀՀ–ում, գրեթե ոչ մեկին հետաքրքիր չեն. բիզնես գործընկերները հետաքրքրություն են ցուցաբերում խոշոր աղբավայրերի նկատմամբ։
Սանոսյանը հիշեցրեց, որ ՎԶԵԲ–ին պատվիրել են ուսումնասիրություն` ՀՀ մյուս 8 մարզերի համար տալ աղբավայրերի կառուցման առաջարկ։
«Վերջերս ստացել ենք այդ առաջարկը, որ ոչ թե ՀՀ յուրաքանչյուր երկու մարզի համար մեկ աղբավայր պետք է կառուցել, այլ պետք է շարունակել կառուցել ևս 3 աղբավայր` չհաշված Երևանինը։ Այսինքն` Հայաստանի հյուսիսում, հարավում, կենտրոնում ունենալ մեկական խոշոր աղբավայր»,– նշեց ՏԿԵ նախարարը։
Նա ավելացրեց, որ ՎԶԵԲ այս առաջարկ կքննարկվի կառավարությունում` հասկանալու` պե՞տք է գնալ առաջ այդ ծրագրով, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ այս տարեսկզբին ՀՀ կառավարությունը հաստատեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ իրականացվող ծրագիրը, ըստ որի` Երևանում պետք է կառուցվի ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր, պետք է փակվի Երևանի գործող աղբավայրը։ ՎԶԵԲ–ի աջակցությամբ նախատեսվում է նաև իրականացնել «ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրը և դրա շրջանակում գոտիավորել ՀՀ տարածքը՝ կոշտ թափոնների կառավարման մասով, ստեղծել ինստիտուցիոնալ և կառավարման արդյունավետ համակարգ։