Հայաստանը բավական մեծ պոտենցիալ ունի իրացնելու ԵԱՏՄ-ում. Արամյան

Հայաստանն այսօր հնարավորություն ունի նոր քայլ անելու դեպի տարածաշրջանային մեկ այլ խոստումնալից միավորում`ԲՐԻԿՍ, արձանագրել է ֆինանսների նախկին նախարարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Հայաստանը, փոքր երկիր լինելով, ուղղակի չի կարող անմասն մնալ համաշխարհային տենդենցներից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը` ներկայացնելով աշխարհաքաղաքական ու տնտեսական վերաձևումներում Հայաստանի առավել արդյունավետ դիրքորոշման մասին իր դատողությունները։
«Այսօր շատ է խոսվում, որ պետք է թեքվել դեպի Եվրոպական Միություն։ Բայց, եթե մենք նայում ենք ՀՀ–ի արտաքին առևտրային հոսքերին, տեսնում ենք, որ 2018թ–ից այս կողմ ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորապես` Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունն անգամներով է աճում, իսկ ԵՄ–ի հետ մնացել է գրեթե նույն մակարդակի վրա: Նույնը նաև Միացյալ Նահանգների հետ։ Հայաստանը բավական մեծ պոտենցիալ ունի իրացնելու ԵԱՏՄ-ում: Իսկ եթե դու գտնվում ես մի տնտեսական տարածքում, որտեղ քո տնտեսական ամբողջ պոտենցիալը իրացված չէ, չի կարելի ուղղակի կտրել ամեն ինչ ու շրջվել դեպի այլ ուղղություն»,– արձանագրում է նախկին նախարարը։
Արամյանի դիտարկմամբ` անդամակցությունն ու համագործակցությունը տարբեր ձևաչափեր են, և, անդամակցելով տնտեսական մի միավորի, երկիրը կարող է ակտիվ համագործակցել նաև այլ տնտեսական միավորների հետ:
«Տարիներ առաջ, լինելով ԵԱՏՄ-ի անդամ երկիր, ՀՀ–ն ստորագրեց Եվրոպական միության հետ ՍԵՊԱ համաձայնագիր, որը ոչ այլ ինչ էր, քան խորը և համապարփակ բարեփոխումների օրակարգ: Դրանում կար և՛ վիզաների ազատականացում, և՛ պետական ինստիտուտների վերականգնում»,– օրինակ է բերում մեր զրուցակիցը։
Այսօր համաշխարհային նոր վերաձևումների ակտիվ ժամանակաշրջան է, և Հայաստանն այսօր հնարավորություն ունի նոր քայլ անելու դեպի տարածաշրջանային մեկ այլ խոստումնալից միավորում`ԲՐԻԿՍ։
Վարդան Արամյանի համոզմամբ` մեր երկիրը պետք է շատ ակտիվ օգտագործի այս պլատֆորմը։
«Օրինակ՝ Թուրքիան հայտ է ներկայացրել անդամակցելու ԲՐԻԿՍ–ին և իր հետևից տանում է նաև Ադրբեջանին։ Իհարկե, Հնդկաստանն այս հարցում խոչընդոտեց Թուրքիայի առաջխաղացմանը, քանի որ միավորման յուրաքանչյուր անդամ երկիր ունի իր քաղաքական շահերն ու ակնկալիքները այդ կառույցից»,– նկատում է Արամյանը։
ԵԱՏՄ-ին և ԲՐԻԿՍ-ին մասնակցությունը քաղաքական պարտավորություններ չի ենթադրում. Կոպիրկին
ԲՐԻԿՍ–ի 5 հիմնադիր անդամներից Չինաստանն ու Ռուսաստանը, նախկին նախարարի դիտարկմամբ, նախընտրում են հակակշիռ դառնալ եվրաատլանտյան դաշինքին, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան և Հնդկաստանը կցանկանային կառույցը տեսնել որպես կոմպլեմենտար, համակցող միավոր, քանի որ քաղաքական լուրջ խնդիրներ ունեն աշխարհաքաղաքական այլ բևեռների հետ։ Իրանը ևս, Վարդան Արամյանի մեկնաբանմամբ, Չինաստանի և Ռուսաստանի դիրքորոշումների գծի մեջ է։
«Հետևաբար, երբ որևէ նոր խոշոր խաղացող անդամակցության հայտ է ներկայացնում, իսկ Թուրքիան այսօրվա դրությամբ բավականին խոշոր խաղացող է, այստեղ արդեն, տնտեսականից բացի, բախվում են նաև քաղաքական շահերն ու տեսակետերը»,– նշում է Արամյանը` այս կերպ մեկնաբանելով Թուրքիայի անդամակցությունն արգելելու Հնդկաստանի քայլը։
«Եթե մենք նայենք Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները, հերթական անգամ 3%-ից ավելի համաշխարհային տնտեսական աճի շարժիչ ուժը լինելու են ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները, որոնք ավելի բարձր աճեր են արձանագրելու, քան կանխատեսված է եվրաատլանտյան բլոկի համար։ Իսկ սա նշանակում է, որ այս կառույցի տնտեսական կշիռը արդեն բավական բարձր է»,– արձանագրում է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով` 2015 թվականին միության անդամ երկրները ստեղծեցին Շանհայան համագործակցության վրա հիմնված միջազգային ֆինանսական կառույց՝ 50 միլիարդ դոլար կապիտալով ներդրումային բանկ։ Այսօր արդեն խոսում են Svift-ի միջազգային վճարահաշվարկային համակարգի սեփական այլընտրանքը, նաև սեփական միջազգային արժույթը ստեղծելու մասին։ Ըստ Արամյանի` սրանք այն նպատակներն են, որոնցով ԲՐԻԿՍ–ը բարձրաձայնում է Միացյալ Նահանգների և Եվրոպայի գերիշխանության հետ մրցակցելու իր մտադրության մասին։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, փոքր երկիր լինելով, այն ըստ Արամյանի՝ ուղղակի չի կարող անմասն մնալ համաշխարհային տենդենցներից։
«Իհարկե, մտնել այս երկու աշխարհաքաղաքական բևեռների արանքը, ճիշտ չէ։ Բայց համագործակցելը, կարծում եմ, բավականին ճիշտ վարքագիծ է։ Բոլոր պլատֆորմները մենք պետք է շատ արդյունավետ օգտագործենք»,– համոզմունք է հայտնում նա։
Հիշեցնենք` հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցել են 35 պետությունների և 6 միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ։