ԵՄ–ի հետ առևտրային նոր ռեժիմի շուրջ ՀՀ բանակցությունները հեշտ չեն ընթանում. նախարար

GSP+–ի փոխարեն, որը դադարել է գործել 2022 թվականից, Հայաստանը ձգտում է հասնել ԵՄ–ի հետ (ATM) ռեժիմով համագործակցությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Եվրամիության հետ առևտրային նոր ռեժիմի շուրջ բանակցությունները հեշտ չեն ընթանում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ինքնիշխանությո՞ւն, թե՞ ծիրան. ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ ԵՄ և ԵԱՏՄ չափանիշներով որակի մասին
ԵՄ–ի «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմը Հայաստանի համար գործում էր 2019–ից 2021 թ–ի վերջը և նախատեսում էր մաքսատուրքերի զրոյացում մի շարք ոչ հումքային ապրանքների համար` հագուստ, ալյումինե փայլաթիթեղ, սննդամթերք և այլն:
«2022 թվականից այս ռեժիմը դադարել է գործել, քանի որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ի մակարդակով սկսել է համարվել միջին եկամուտ ունեցող երկիր։ Հայաստանը բանակցում է նոր ռեժիմի՝ ATM–ի (առևտրի ինքնավար միջոցառումներ) շուրջ, սակայն եվրոպացի գործընկերները նախազգուշացնում են, որ այն լիարժեք գործել չի կարող: Այդ պատճառով բանակցություններ են ընթանում դրա մասնակի կիրառման վերաբերյալ»,– ընդգծեց նախարարը։
Նրա խոսքով` ԵՄ արտահանվող այն ապրանքների համար, որոնց վաճառքի հարցում կարող են դժվարություններ առաջանալ, նախարարությունը քննարկում է աջակցության ժամանակավոր միջոցներ կիրառելու հարցը:
Նշենք, որ դեպի ԵՄ երկրներ արտահանումը զգալիորեն զիջում է ԵԱՏՄ–ի հետ առևտրի ծավալներին։ 2023 թվականին Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 8 մլրդ 415 մլն դոլար, որից 3 մլրդ 609 մլն դոլարը բաժին է ընկել ԵԱՏՄ երկրներին (միայն 3 մլրդ 319 մլն–ն՝ Ռուսաստանին)։ ԵՄ երկրներ արտահանումը կազմել է մոտ 710 մլն դոլար կամ 8,4%։
Հայաստանում ստեղծվել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման աշխատանքային խումբ