ԵԱԶԲ-ն Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցում է կանխատեսում դեկտեմբերին

Բանկում նման եզրակացության են հանգել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնաճը կայուն ցածր է Կենտրոնական բանկի նպատակային միջակայքից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկը Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական իջեցում է կանխատեսում դեկտեմբերին։ Այս մասին ասվում է բանկի շաբաթական մակրո-զեկույցում։
Հոկտեմբերի 29-ին ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 0.25%-ով, իսկ մոտ մեկ տարվա ընթացքում՝ 3.5%-ով (ինչը հայաստանյան շուկայի չափանիշներով շատ է)։
Բանկի գնահատմամբ` որոշումն ընդունվել է գնաճի թույլ ֆոնի պայմաններում, որը պայմանավորված է ապրանքների և հումքի միջազգային գների անկմամբ, աշխատավարձերի աճի դանդաղմամբ և գնաճային սպասումներով:
«Սպառողական գների աճը սեպտեմբերին կազմել է 0,6 տոկոս՝ օգոստոսի 1,3 տոկոսից հետո։ Հաշվի առնելով, որ գնաճը կայուն ցածր է ՀՀ ԿԲ նպատակային միջակայքից (4±1,5%)՝ մենք վերաֆինանսավորման տոկոսադրույքի ևս մեկ նվազեցում ենք սպասում դեկտեմբերին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ 2024 թվականի առաջին ամիսներին Հայաստանում գնաճը բացասական էր, այնուհետև՝ 1 տոկոսի սահմաններում։ Հուլիսին և օգոստոսին այն կազմել է 1,3-1,4%, բայց սեպտեմբերին նվազել է մինչև 0,6% (մինչդեռ նպատակային ցուցանիշը 4+/-1,5% է): Ուստի ԿԲ-ն շարունակում է իջեցնել տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով մեծացնել վարկերի հասանելիությունը և այդպիսով խթանել ապրանքների և ծառայությունների սպառումը։