ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում խոշոր վիճաբանություն-ծեծկռտուք է եղել, որին մասնակցել է 26 երիտասարդ։ Ծեծկռտուքի հետևանքով կան տուժածներ և ձերբակալվածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshayn.com-ը։
Նշվում է, որ միջադեպի մասին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել հոկտեմբերի 30–ին` ժամը 23։50-ին։
Հայտնել են, որ Կոտայքի մարզի 18 երիտասարդներ վիճաբանել են, որի ընթացքում փոխադարձ հայհոյանքներ և հարվածներ են հասցրել միմյանց։
Նշվում է, որ միջադեպի հետևանքով Վահե Խ․-ն գանգուղեղային վնասվածքով դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Մայիս Ա․-ն աջ ազդրոսկրի փակ կոտրվածքով, վերհոնքային շրջանի սալջարդով դիմել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով` ոստիկանությունը պարզել է, որ հաստատված 18 մասնակիցներից բացի, միջադեպին մասնակցել են նաև 9 երիտասարդներ։
Հոկտեմբերի 31-ին միջադեպի մասնակիցներ Ռոբերտ Խ․-ն, Կարեն Ս․-ն և Հենրիկ Ա․-ն ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության Չարենցավանի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել։