ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. 2024 թ. 9 ամիսների տվյալներով ՀՀ–ում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 1 տրլ 767 մլն դրամ, որը 112.7 մլրդ դրամով կամ 6.8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Մինչև տարեվերջ մենք ակնկալում ենք, որ այս դինամիկան վերև է գնալու, այսինքն` բարելավում ենք ունենալու»,– նշեց նա։
Նա տեղեկացրեց, որ հարկ վճարողների կողմից սեպտեմբերին ներկայացված եկամտահարկի հաշվարկներով հայտարարագրված է 768 547 աշխատատեղերի թվաքանակ, ինչը 42 491–ով կամ 5.9 տոկոսով ավելի է 2023 թ. 9 ամիսների համեմատ։
Անդրադառնալով հարկային բուն վարչարարությանը, թե հարկային գործիքներով որքան գումար է ՊԵԿ–ն առաջադրում ու մասամբ հավաքագրվում ՀՀ պետական բյուջե` Բադասյանը նշեց, որ այդ թիվը կազմում է 133.9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 38.5 մլրդ դրամով կամ 40 տոկոսով։
«2024 թ. 9 ամիսներին մեր հավաքագրած լրացուցիչ եկամուտները կազմել են 2024 թ. համար սպասվող տարեկան ՀՆԱ–ի շուրջ 0.5 տոկոսը։ Նշեմ, որ ներկայացված տվյալները մեր աշխատանքի ուղիղ արդյունքն են»,– ընդգծեց ՊԵԿ նախագահը։
Նա նշեց նաև, որ հարկային վարչարարության առումով ՊԵԿ աշխատանքը 2025 թվականին նույնական է լինելու։