Ռուսական նավերը ժամանել են Ինդոնեզիա՝ առաջին երկկողմ զորավարժություններին մասնակցելու

«Օրուդա-2024» անվանումը ստացած զորավարժությունները կանցկացվեն նոյեմբերի 4-8-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերը ժամանել են Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքի Տանջունգ Պերակ նավահանգիստ՝ պատմության մեջ առաջին երկկողմ զորավարժություններն անցկացնելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Սուրաբայայում նավերի ողջույնի արարողությանը մասնակցել է Ինդոնեզիայում ՌԴ դեսպան Սերգեյ Տոլչենովը։ Ռուսական նավերին ողջունել են Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի հրամանատարության ներկայացուցիչները, իսկ տեղի պարուհիները ավանդական պար են կատարել»,- ռուսական նավերի ժամանումը նկարագրել են լրագրողները։
Նշվում է, որ ռուսական ջոկատի կազմում ընդգրկվել են «Գրոմկի», «Ռեզկի» և «Ռուսաստանի Դաշնության հերոս Ալդար Ցիդենջապով» կորվետները, ինչպես նաև «Պեչենգա» ապահովման նավը: Ռուսական և ինդոնեզական ռազմանավերը համատեղ մանևրելու, կրակելու և Ճավայի ծովի ջրային տարածքում ծովահենների կողմից գրավված նավի ազատ արձակման զորավարժություններ են իրականացնելու:
«Օրուդա-2024» անվանումը ստացած զորավարժությունները կանցկացվեն նոյեմբերի 4-8-ը։ Դրանց մասին հայտարարվել էր դեռ օգոստոսին։