ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Ռուս մասնագետները փորձարկում են այն տեխնոլոգիան, որը թույլ է տալիս օգտագործել ՆԱՏՕ-ի դուրս գրված արբանյակները՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների աշխատանքի պայմաններում արբանյակային կապ ապահովելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է պաշտպանական-արդյունաբերական համալիրի աղբյուրը։
«Մենք փորձարկում ենք հեռուստաչափական տեղեկատվություն ստանալու նախագիծը ՆԱՏՕ-ի արբանյակների վերաօգտագործման միջոցով։ Կապի ալիքը հաջողությամբ փոխանցում է տվյալները, ինչը թույլ է տալիս արբանյակային կապ հաստատել նույնիսկ մարտական շփման գծում ՌԷՊ-ի ակտիվ միջոցների դեպքում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա պարզաբանել է, որ ռադիոսիրողները ուղեծրում օգտագործում են ՆԱՏՕ-ի դուրս գրված արբանյակները ձայնային հաղորդագրություններ փոխանակելու համար: Ռուս մասնագետները գտել են այս ալիքը թվային փոխանակման համար հարմարեցնելու միջոց. տվյալները կոդավորված են ձայնային ազդանշանների տեսքով (հին dial-up մոդեմների նմանությամբ) և փոխանցվում են նույն արբանյակների միջոցով:
Ներկայումս մշակումը կենտրոնացած է ՀՌԳ գոտում զինծառայողների կողմից հնարավոր օգտագործման վրա: Մասնագետը հավելել է, որ ուղղորդված արբանյակային ալեհավաքի առկայության դեպքում ՌԷՊ-ը չի կարող ճնշել ազդանշանը, ինչը զգալիորեն հեշտացնում է հաղորդակցությունը հատուկ գործողության պայմաններում: Ապագայում տեխնոլոգիան կարող է օգտագործվել այլ բնագավառներում, օրինակ՝ ամբողջ Ռուսաստանի ագրոտեխնոլոգիական համալիրում: