ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգի Հերմսար քաղաքի մոտակայքում տեղի ժամանակով ժամը 5.16-ին 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով տուժածներ կան։ Տեղեկությունը հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Երկրաշարժի էպիկենտրոնը 49,4 հազար բնակչություն ունեցող Հերմսար քաղաքից 5 կմ հեռավորության վրա է, օջախը՝ 11 կմ խորության վրա։
IRNA-ն հայտնում է 9 տուժածների մասին։
Հերմսարի քաղաքապետ Ռեզա Հանեն գործակալությանն ասել է, որ երկրաշարժի հետևանքով մի քանի բնակելի շենքերում անջատվել են էլեկտրականությունն ու ինտերնետային կապը:
Իրանական մեկ այլ գործակալության՝ IRIB-ի տեղեկություններով ՝ երկրաշարժը զգացվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, արվարձանում, Քերեջ քաղաքում, ինչպես նաև Թեհրանից ոչ հեռու գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոն Կում քաղաքում: