Որքա՞ն գումար է հավաքագրել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն վճարային համակարգի փոփոխությունից հետո

Առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն վճարային համակարգի փոփոխությունների առաջին օրը` նոյեմբերի 1-ին, հավաքագրել է ավելի քան 31 մլն դրամ։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR ունենալը։
«Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 դրամ, որից 5 215 300-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR): Իսկ դրա նախորդ օրը՝ հոկտեմբերի 31-ի հավաքագրումները կազմել են 30 694 500 դրամ, որից 1 970 900-ը` վալիդատորների միջոցով»,– ֆեյսբուքյան էջում գրել է Կոստանյանը։
Նա նշել է, որ մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով։
100 դրամանո՞ց, թե՞ QR կոդով վճարում. տրանսպորտային նոր համակարգի շուրջ կրքերը թեժ են