ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՌԴ զինվորականները Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքից՝ Բոգոյավլենկա գյուղի մոտակայքում, դուրս են բերել ամերիկացի Դենիել Մարտինդեյլին, որն օգնել է ռուսական բանակին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ամերիկացին Ուկրաինայի տարածքում էր 2022 թվականի փետրվարի 11-ից։ Նա սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել ռուսական ուժային կառույցների հետ և երկու տարի շարունակ փոխանցել ուկրաինական ռազմական օբյեկտների կոորդինատները։
Այժմ ամերիկացին գտնվում է Մոսկվայում և առաջին մամուլի ասուլիսն է տվել «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մամուլի կենտրոնում:
«Իմ անունը Դանիել Մարտինդեյլ է։ Ահա իմ անձնագիրը, որն ինձ հետ պատերազմ է անցել, տեսնում եք՝ ինչ վիճակում է», — ասել է նա։
Մարտինդեյլն ընդգծել է, որ Մոսկվայում է գտնվում սեփական կամքով։ «Ես առողջ եմ, և այն ամենը, ինչ անում եմ, կամավոր եմ անում: Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ձեզ հետ քննարկելու այն հարցերը, որոնք դրված են մեր այսօրվա միջոցառման թեմայում», — հավելել է նա։
Ամերիկացին պատմել է, որ 2022 թվականի փետրվարի 11-ին Ուկրաինա է գնացել Լեհաստանից, որտեղ միսիոներ էր, և ցանկացել է հասնել Դոնեցկ։
«Լեհաստանում էի պատերազմից երկու տարի առաջ։ Ես միսիոներ էի և հետևում էի արևմտյան լրատվամիջոցների նորություններին ու հասկացա, որ մեծ հավանականությամբ Ուկրաինայում պատերազմ կսկսվի։ Վաղուց էի ուզում գնալ Ռուսաստան։ Հասկացա, որ սա հենց այն պահն է, որին սպասում էի»,– ասել է Մարտինդեյլը:
Նա Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն անվանել է Ռուսաստանին զսպելու և հավասար մրցակցություն թույլ չտալու ամերիկյան փորձ։
Մարտինդեյլի խոսքով՝ ռազմական հատուկ գործողությունը երկու կողմերի առճակատումն է, որում մեկը պայքարում է հանուն արդարության, իսկ մյուս կողմը շահագրգռված է միայն իր ֆինանսական և առևտրային շահերն առաջ տանելու համար: Ըստ նրա` ԱՄՆ-ն հետաքրքրված չէ իր կամ այլ երկրների քաղաքացիների բարեկեցությամբ, ինչպես նաև սեփական զինվորների բարեկեցությամբ։
Մարտինդեյլը հավելել է` ուկրաինացի զինվորներին ուղարկում են մահվան, նրանց կորուստները հսկայական են։
Նա հայտնել է, որ 2024 թվականի օգոստոսին մի խումբ՝ մոտ 100 ուկրաինացի հետևակայիններ են ժամանել, որոնք մեկնել են ռազմաճակատ։ Մոտ մեկ ամիս անց, երբ կատարվել է նրանց հերթափոխը, այդ հարյուր զինվորներից մնացել են յոթը։
Ամերիկացին ասել է, որ ռուսական կողմի հետ շփումները պահպանել է հիմնականում Telegram-ի միջոցով, այդ աղբյուրներում տեղեկատվության հետևելը և դրա հետագա վերլուծությունը թույլ են տվել հասկանալ հակամարտության էությունը և թե ինչ է կատարվում Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների տեսանկյունից: «Ես կարողացա այլ կարծիք ձևավորել, ոչ թե ղեկավարվել միայն այն տեղեկատվությամբ, որը ներկայացնում են արևմտյան լրատվամիջոցները», - ընդգծել է նա:
Դենիել Մարտինդեյլ
© Sputnik / Виталий Белоусов
Իսկ հետո՞
Մարտինդեյլը հայտարարել է, որ կցանկանար մնալ Ռուսաստանում։
«Ուզո՞ւմ եմ վերադառնալ ԱՄՆ։ Ո՛չ։ Հաստատ եմ ասում: 2005 թվականից ի վեր ես ԱՄՆ կառավարությանը համարում եմ իմ թշնամին։ Նրանք են 2001 թվականի ահաբեկչությունների պատասխանատուն», - ասել է նա։
Մարտինդեյլը նշել է, որ վերջին երկու տարիներին ամեն ինչ արել է ՌԴ զինվորների կյանքը պահպանելու և Ուկրաինայում ռուսների ապագան ապահովելու համար:
«Երբ պատերազմն ավարտվի, խաղաղությունը վերականգնվի, ես կցանկանայի նորից զբաղվել ֆերմերությամբ։ Կցանկանայի ընտանիք կազմել Ռուսաստանում, գուցե զբաղվել ռուսական շուկայի, միջազգային շուկայի համար ֆերմերային տնտեսության սարքավորումների թողարկմամբ», - ասել է նա։
ԴԺՀ-ի պաշտպանության շտաբը հոկտեմբերի վերջին հայտնել էր, որ ամերիկացին առանցքային դեր է խաղացել Ուգլեդարի ուղղությամբ Բոգոյավլենկա գյուղի գրոհի նախապատրաստման գործում։