ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ ռազմագերիների փոխանակման շուրջ երկխոսությունից, Մոսկվայի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Մոսկվան երբեք չի հրաժարվել այդ աշխատանքից։ Ավելին` մեր կողմից ձևավորված մարմիններն ու նշանակված համապատասխան ներկայացուցիչներն աշխատում են։ Մեր դիրքորոշումն այս համատեքստում անփոփոխ է, և այն լայնորեն հայտնի է, այդ թվում՝ Ուկրաինայում», - ասել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այս տարի Ուկրաինային առաջարկել է փոխանակել 935 ուկրաինացի գերիների, սակայն Կիևը փոխանակել է միայն 279-ին, մնացածին «արհամարհել է»: Ուկրաինան փոխանակման շրջանակներում նախընտրում է ազգայնականներին՝ ցուցակներից հանելով սովորական զորակոչվածներին և նրանց թվում՝ կամավոր գերի հանձնվածներին։
«Ռուսաստանը բազմիցս առաջարկել է փոխանակել զգալիորեն ավելի մեծ թվով հենց ուկրաինական ծովային հետևակայինների։ Խնդրեմ, ծովային հետևակի 36-րդ առանձին բրիգադը: Գերի է հանձնվել Մարիուպոլում 2022 թվականին։ Վստահ եմ, որ Ուկրաինայում այդ մարդկանց հարազատները գաղափար չունեն, որ Ռուսաստանի տարածքում որպես ռազմագերի գտնվող իրենց մերձավորներին փոխանակելու մասին հայտարարել է հենց ռուսական կողմը։ Նրանց պարզապես Բանկովայա փողոցում (փողոց Կիևում, որտեղ գտնվում է Ուկրաինայի նախագահի նստավայրը. խմբ․) այդ մասին չեն պատմում և ստում են», - ընդգծել Է Զախարովան։
Նա հավելել է, որ միաժամանակ Մոսկվան տեղյակ չէ Ռուսաստանում գերեվարված ուկրաինացի զինծառայողների նկատմամբ այլ պետությունների «հովանավորության» որևէ մտադրության մասին:
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիգան հայտարարել էր, որ Ռուսաստանում են գտնվում «հազարավոր ուկրաինացի ռազմագերիներ» և իբր «բռնի տեղահանված» երեխաներ: Սիբիգայի խոսքով՝ ինչ-որ պետություն պատրաստակամություն է հայտնել դառնալ պաշտպանող տերություն, որ իբր փոխգործակցի Մոսկվայի հետ Ռուսաստանում գտնվող ուկրաինացիներին Ժնևյան կոնվենցիաների շրջանակում օգնելու համար։ Ընդ որում` նախարարը չի հստակեցրել, թե ինչ պետություն է դա։