ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության կհրավիրի ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը՝ Նաիրա Գրիգորյանին։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պարբերականի տեղեկություններով` դատավորը հարցաքննության կկանչվի իր օգնականի գործով:
2024 թվականի մարտին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար կալանավորվել է Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը:
2022-2023թթ. ընթացքում հանցավոր կազմակերպության անդամները պատրաստել և օգտագործել են կեղծ անձնագրեր, ամուսնության կեղծ վկայականներ, և իբրև թե ՌԴ-ում տարբեր նոտարների կողմից վավերացված, կեղծ լիազորագրեր և տեղեկանքներ։
Հանցավոր կազմակերպության անդամները դրանք օգտագործել են պետական տարբեր մարմիններում, դատական ատյաններում և խարդախության եղանակով հափշտակել են չորս անշարժ գույք՝ բնակարաններ, որոնցից 3-ը` Էջմիածին քաղաքում, 1-ը` Երևանում՝ հիմնականում թիրախավորելով կենդանության օրոք միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքերը խմբի անդամները վաճառել են:
Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նախաքննությունը նշված 7 անձանց մասով ավարտվել է:
Թերթը գրում է, որ ՀՀ քննչական կոմիտեում այս դեպքի վերաբերյալ անջատված մաս կար, որի քննությունը շարունակվում էր: Եվ հիմա գործի անջատված մասը ՔԿ-ն ուղարկել է հակակոռուպցիոն կոմիտե՝ քննություն իրականացնելու, քանի որ գործով շոշափվում է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի անունը: