ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. «Ռոսիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Ну-ка, все вместе!» շոուի վեցերորդ եթերաշրջանի հատուկ թողարկման ժամանակ ցնցող իրադարձություն է տեղի ունեցել երգչուհի Արփի Աբգարյանի ելույթի ընթացքում։
Հայտնի երգիչ Սերգեյ Լազարևի գլխավորած ժյուրին գնահատել է շոուի մասնակիցների կողմից էստրադայի վարպետ Իգոր Կրուտոյի ստեղծագործությունների կատարումը:
Բայց հայուհու ելույթի ժամանակ ժյուրիի անդամներից մեկը՝ բժիշկ-ականջաբան Լև Ռուդինը, հանկարծ դուրս է եկել ստուդիայից։ Այդ ժամանակ Լազարևը վերին հարկից բառացիորեն նետվել է, որպեսզի Արփի Աբգարյանը չկորցնի միավորը։ Ավելի ուշ Լազարևը բացատրել է, որ չի կարողացել զսպել զգացմունքները։ Նրան հաջողվել է սեղմել Ռուդինի կոճակը և ազդել Արփի Աբգարյանի վերջնական գնահատականի վրա՝ 100 միավոր:
Ռուդինը ցուցադրաբար է լքել ստուդիան՝ դուրս գալով ժյուրիի կազմից։ Նրան փոխարինելու է եկել նախագծի հաղորդավար Նիկոլայ Բասկովը։
Կատարվածից ցնցված Արփի Աբգարյանը starhit.ru–ին ասել է, որ Ռուդինի արարքից չի վիրավորվել, բայց իր համար նման մարդիկ գոյություն չունեն:
«Զարմանալի է, երբ մարդիկ իրենք են առաջ գնում, ինչ-որ բանի հասնում, հետո ոչինչ չեն տեսնում կամ ձևացնում են և խանգարում ուրիշներին հասնել իրենց նպատակին», — ասել է երգչուհին:
Արփին նաև նշել է, որ վերջնական հաղթանակն իր համար մեծ անակնկալ էր: Մրցույթում նա կատարել է Իգոր Կրուտոյի «Հոգնած կարապների սերը» երգը։