ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելի և նրա կուսակից, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ՝ իր հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար: Որպես բարոյական փոխհատուցում ՝ նա յուրաքանչյուրից պահանջել է 1 մլն թուրքական լիրա (29 հազար դոլար)։ Տեղեկությունը հայտնում է «A Haber» հեռուստաալիքը՝ հղում անելով Էրդողանի փաստաբան Ահմեդ Օզելին։
Հայցերի համար առիթ են դարձել հոկտեմբերի 31-ին Ստամբուլում Էրդողանի հասցեին հնչած հայտարարությունները՝ կապված տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, ԺՀԿ անդամ Ահմեդ Օզերի ձերբակալության հետ (Օզերին ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել): Հանրապետական կուսակցության առաջնորդը Էրդողանին անվանել է «բռնապետ», իսկ Ստամբուլի քաղաքապետը հայտարարել է, որ իշխանությունները նման գործողություններով մութ նպատակներ են հետապնդում: Մեկնաբանելով Էրդողանի որոշումը՝ ԺՀԿ առաջնորդը հայտարարել է, որ այլ բան չէր էլ սպասում ։
Էսենյուրտի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար Ահմեդ Օզերը ձերբակալվել է հոկտեմբերի 30-ին։ Իրավապահները պնդում են, թե նա բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել Անկարայի կողմից ահաբեկչական կազմակերպություն որակվող Քրդստանի աշխատավորական կուսակցության ղեկավար օղակի ներկայացուցիչների հետ: Նույն օրը նա կալանավորվել է քրեական օրենսգրքի «մասնակցություն զինված ահաբեկչական կազմակերպության գործունեությանը» հոդվածի հիման վրա և հեռացվել պաշտոնից: