ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի` Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը խոսում է գործող իշխանության` թուրքական առաջնահերթություններով առաջնորդվելու ու Հայաստանի անվտանգությունը նոր հարվածի տակ դնելու մասին: Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը։
Միրզոյանը հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ուսումնասիրելը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում թիվ մեկ առաջնահերթություն չէ։
Ըստ պատգամավորի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլ կոնկրետ անվտանգության խնդիր է:
«Ցեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգություններով, և նաև սրանով է պայմանավորված, որ մեծ թվով երկրներ, դրանց խորհրդարաններ ոչ միայն դատապարտել, ճանաչել են Թուրքիայի կողմից Ցեղասպանության իրականացումը, այլ տարաբնույթ բանաձևեր են ընդունել»,- գրել է նա։
Աբրահամյանը հիշեցրել է նաև, որ հայ-թուրքական գործընթացի տարբեր փուլերում` անկախության հռչակումից մինչև Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտություն», այս թեման միշտ պահվել է արտաքին քաղաքականության առաջնային օրակարգում: