Ծրագրային փոփոխություններով կհասնենք կեսարյան հատումների նվազման. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարարը կարծում է, որ շատ կանայք վախենում են ցավերից և այդ պատճառով են նախընտրում կեսարյան հատումով երեխա լույս աշխարհ բերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը ծրագրային փոփոխություններով կհասնի նրան, որ ՀՀ–ում կեսարյան հատումները նվազեն։ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այդ մասին ասաց գերատեսչության ղեկավար ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք ներդրել ենք փոխհատուցման նոր ծրագիր, որով բարդացած ծնունդների, սովորական ծնունդների փոխհատուցման գումարը հավասարեցվել և որոշ դեպքերում նույնիսկ ավել է, քան կեսարյան հատումների պարագայում»,–ասաց Ավանեսյանը։
Նա ընդգծեց, որ առաջին անգամ կսկսեն փոխհատուցել էպիդուրալ անզգայացման արժեքը։ Նախարարի կարծիքով` շատ կանայք վախենում են ցավերից և այդ պատճառով են նախընտրում կեսարյան հատումով երեխա լույս աշխարհ բերել։
Ավանեսյանը նաև նշեց, որ մարզերի փոքրիկ ծննդատներն այսուհետ ավելի շատ ֆինանսական փոխհատուցումներ կստանան, որպեսզի կարողանան ծածկել իրենց ծախսերը։
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարությունը այս տարվա ապրիլին հայտնել էր, որ կեսարյան հատումների թիվը Հայաստանում վերջին 10 տարում կրկնապատկվել է` հասնելով 37,7 տոկոսի։ Այդ պատճառով գերատեսչությունը սկսել է կեսարյան հատումների աճի դադարեցմանն ու նվազեցմանն ուղղված 5-ամյա ծրագիր իրականացնել։