ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում գործող Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը կվերաբացվի Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արցախի թեմը` վկայակոչելով Արցախի հեռուստաընկերությունը։
Վերականգնողական կենտրոնը կվերաբացվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում` Նար–Դոսի 44 հասցեում։ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օրհնել է կենտորնի շենքը. այն կսկսի գործել 2025 թվականից։
«Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Թադևոսյանը նշել է, որ վերաբացումը հրամայական է դարձել 2023 թվականին Ստեփանակերտում տեղի ունեցած վառելիքի պայթյունից հետո։ Դրանից հետո` 1 տարվա ընթացքում, արդեն Հայաստանում ավելի քան 200 արցախցու են այցելել տներում, օգնություն ցուցաբերել, 60–ից ավելի տուժածի էլ՝ Այրվածքաբանության կենտրոնում։
«Բնույթով և կառուցվածքով կտարբերվի այս կենտրոնը, բայց չեմ կարծում, որ ավելի քիչ մարդկանց կաջակցենք։ Արցախում մենք տարեկան աջակցում էինք 2000-ից ավելի ծանր հաշմանդամություն ունեցող մարդկանց` 500-ը տնային, իսկ 1500-ը` ամբուլատոր կամ ստացիոնար տարբերակով»,– նշել է Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը 25 տարի գործել է Ստեփանակերտում։