Շիրակի մարզպետարանի պաշտոնյան ավելի քան 5000 դոլար կաշառք է վերցրել. Հակակոռուպցիոն կոմիտե

Շիրակի մարզպետարան
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը ուղարկվել են դատարան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Շիրակի մարզպետարանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ավելի քան 5000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Սեպտեմբերի 12-ին տեղեկացրել էինք, որ կալանավորվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներից մեկը և Գյումրու դպրոցներից մեկի տնօրենը, իսկ փոխտնօրենը ձերբակալվել է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` մարզպետարանի պաշտոնյան կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանն է։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Հ. Կ.–ն, իր իշխանական լիազորություններն օգտագործելով, կաշառքի դիմաց նպաստել է Շիրակի մարզի դպրոցներից մեկում Ն. Խ.–ի և Ա. Մ.–ի՝ համապատասխան պաշտոններին առաջադրմանն ու նշանակմանը:
Նա Ն. Խ.–ից 4000 դոլար կաշառք է պահանջել և ստացել, որի դիմաց նպաստել է Ն.Խ.–ի` դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող նշանակվելուն։
Բացի այդ, նույն դպրոցի ուսուցչուհի Ա. Մ.–ին տնօրենի պարտականությունները կատարողի պաշտոնին առաջադրվելուն և նշված պաշտոնին նշանակվելուն նպաստելու համար Ն. Խ.–ի միջոցով Ա. Մ.–ից պահանջել է 1500 դոլար կաշառք։ Կարապետյանը Ա. Մ.–ից սկզբում ստացել է 1000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած՝ 500 ԱՄՆ դոլարը Ա. Մ.–ն խոստացել է փոխանցել իր նշանակումից հետո:
Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով (2 դրվագ) (խոշոր չափերով կաշառք ստանալը), Ն. Խ.–ին՝ 436-րդ հոդվածի 1–ին մասով (պաշտոնատար անձին կաշառք տալը) և 437–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին կետով (կաշառքի միջնորդություն` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ Ա. Մ.–ին՝ 436-րդ հոդվածի 1–ին մասով (պաշտոնատար անձին կաշառք տալը):
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը ուղարկվել են դատարան: