Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքը մեկ շաբաթում 12 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել

Զինվորականներ
ՌԴ ՊՆ–ի տվյալներով` Ուկրաինայի զինուժը շաբաթվա ընթացքում կորցրել է ավելի քան 17 հազար մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Այս շաբաթ ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել 12 բնակավայր։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սելիդովո, Գորնյակ, Ցուկուրինո, Լեոնիդովկա և Իզմայլովկա բնակավայրերը: Իսկ «Արևելք» զորախումբն այս շաբաթ ազատագրել է Դոբրովոլիե, Նովուկրաինկա, Շախտյորսկոյե և Յասնայա Պոլյանա բնակավայրերը։
«Արևմուտք» զորամիավորման ստորաբաժանումների զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Կրուգլյակովկա գյուղը, «Հարավ» խմբավորման ստորաբաժանումները` ԴԺՀ–ի Ալեքսանդրապոլ և Կատերինովկա բնակավայրերը։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության գնահատականներով` Ուկրաինայի զինուժը շաբաթվա ընթացքում կորցրել է ավելի քան 17 հազար մարդ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։