Երևանի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Միսաք Մանուշյանի կիսանդրու ստեղծման համար

Հուշարձանը պետք է պատրաստ լինի մինչև 2025–ի օգոստոսի 30–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի կիսանդրու ստեղծման համար։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Կիսանդրին նախատեսվում է տեղադրել նրա անունը կրող այգում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2025 թվականին:
Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել 1 մանրակերտի տարբերակ:
«Հայտատուները պետք է պատրաստեն արձանի մանրակերտը, լուսանկարեն այն 3 դիրքից և հայտաձևն ուղարկեն համապատասխան էլ–հասցեին։ Հայտերն անանուն կներկայացվեն մրցութային հանձնաժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունն ու գնահատումը։ Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև` 1.5 մլն դրամ, և մանրակերտի հիման վրա հուշարձանը կիրականացվի, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած հայտատուներին կտրամադրվի խրախուսական մրցանակ (մրցույթը չչեղարկելու պարագայում)` 1 մլն և 500 հազար դրամ»,– ասված է հաղորդագրությունում։
Մանրակերտով պետք է լավագույնս ներկայացվի Մանուշյանի կերպարը, հաշվի առնվի տեղադրման վայրը, արձանի դիմահայաց դիրքի ընտրությունը, պատվանդանի բարձրությունը, արձանի լայնությունն ու բարձրությունը։
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում Միսաք և Մելինե Մանուշյանների մասին ֆիլմ կցուցադրվի
Մրցույթն անցկացվելու է 2 փուլով. պետք է գիպսից կամ պլաստիլինից պատրաստվի մանրակերտ` ներառյալ պատվանդանը և պլանշետը։
Մրցանակակիրներին կհայտնեն 2025 թվականի մարտի 7-ին։ Հուշարձանը պետք է պատրաստ լինի մինչև 2025–ի օգոստոսի 30–ը։