«Մամուլից եմ իմացել, որ դժգոհ եմ». Հակոբյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հրաժարականի պահանջի մասին

Հրաչյա Հակոբյան
Կուսակցության նիստին տարբեր հարցեր են քննարկվել, որոնք Հրաչյա Հակոբյանը էթիկայից ելնելով՝ մտադիր չէ բարձրաձայնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 1 – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագ) Հրաչյա Հակոբյանը մամուլից է իմացել, թե դժգոհ է Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գործունեությունից։
Այս մասին նա հայտարարել է ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։
Ավելի վաղ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից Անդրանիկ Քոչարյանի հրաժարականը պահանջող «Քաղաքացիական պայմանագրի» անդամների թիվը գնալով աճում է։ Նրանց թվում են վարչապետի աներձագ, ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, բնապահպանության նախարար Հակոբ Սիմիդյանը, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և այլոք։
«Երեկ ներկուսակցական հարցեր են քննարկվել և վերաբերում են թիմին։ 6 տարվա խնդիրներ են եղել, և դրանք քննարկվել են կուսակցության ներսում։ Ինչ վերաբերում է Քոչարյանին, մամուլից եմ իմացել, թե դժգոհ եմ և ինչ-որ բան եմ նախաձեռնել»,- ասել է Հակոբյանը։
Նրա խոսքով` տարբեր հարցեր են քննարկվել, բայց էթիկայից ելնելով՝ դրանց մասին չի բարձրաձայնելու։