Ջաջուռում վթարի հետևանքով ընտանիքի մահվան դեպքով ևս մեկ անձ է մեղադրվում

Այդ անձն օգնել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին, որպեսզի վերջինս կարողանա փախուստի դիմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների և նրանց 7-ամյա որդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին ժամը 01։30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15 կմ հատվածում Ջաջուռի ոլորաններում, բախվել էին Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Ա. Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Ն. Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Ն. Մկրտչյանը, նրա կինը՝ 31-ամյա Ն. Շմոյանը, տեղում մահացել էին, իսկ նրանց 7 տարեկան Դ. Մկրտչյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր։ «BMW X3»-ի վարորդի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։
«Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նույն օրը՝ ժամը 02:05-ին, «BMW X3 3.01» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, օգնության խնդրանքով, զանգահարել է իր ծանոթին՝ Գյումրի քաղաքի 26–ամյա բնակչին, որից հետո վերջինս իր «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով գնացել է դեպքի վայր։ 26–ամյա երիտասարդը իր վարած հիշյալ ավտոմեքենայով, «BMW»–ի վարորդին դեպքի վայրից տեղափոխել է Գյումրի քաղաքի Անի թաղամասում գտնվող նրան պատկանող վարսավիրանոց։ Այնուհետև, ծանոթի խնդրանքով, երիտասարդը գնացել է նրա տուն, վերցրել վերջինիս անձնագիրը, որից հետո նույն ավտոմեքենայով նրան տարել և անցկացրել է Բավրայի սահմանային անցակետով։ Արդյունքում՝ «BMW»–ի վարորդը դիմել է փախուստի՝ թաքնվելով քրեական վարույթն իրականացնող մարմիններից»,– ասված է հաղորդագրությունում:
2024 թվականի սեպտեմբերի 20–ին վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «BMW X3 3.01» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Վերջինիս 26–ամյա ծանոթին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու հարցը լուծելու համար։