Երևանում ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել. ՄԻՊ

Ձեռնաշղթա
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը քրեական վարույթին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ է պահանջվել ՀՀ գլխավոր դատախազությունից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Երևանում ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալված բոլոր 9 անձինք ազատ են արձակվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Երեկ մի խումբ քաղաքացիներ Էրեբունու ձերբակալվածների պահման վայրի դիմաց ակցիա էին անցկացնում ի պաշտպանություն այնտեղ գտնվող 9 քաղաքացիների։ Հավաքվածներն ասում էին, որ իրավապահները ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին հերթով տարել են 24 ժամվա ընթացքում, հիմնականում` ապօրինի զենք պահելու մեղադրանքով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանցից 2-ը` Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը, ազատ են արձակվել։ «Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջը այսօր հայտնեց, որ ազատ են արձակվել ևս 4 քաղաքացի:
ՄԻՊ–ը տեղեկացնում է, որ ձերբակալման իրավական հիմնավորվածության և նախաձեռնված քրեական վարույթին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ են պահանջվել ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ անձին ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է համապատասխանի իրավաչափության սահմանված չափանիշներին և հարցին առնչվող ցանկացած մտահոգություն պետք է դառնա պատշաճ քննարկման առարկա»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ ձերբակալված երիտասարդները որևէ հակաիրավական արարք չեն կատարել ու հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար։