ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 26-ից հունվարի 12-ը «Հայկական ավիաուղիներ»-ն ամանորյա ուղիղ չվերթեր կիրականացնի դեպի Բաթում։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Թռիչքի տևողությունը 1 ժամ 5 րոպե է: Չվերթերը կիրականացվեն Airbus 321-200 ինքնաթիռով։
«Մոսկվայից ուղևորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Բաթում՝ շնորհիվ Երևանով հարմարավետ, տարանցիկ թռիչքների՝ «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից»,- տեղեկացնում են ավիաընկերությունից։
Ավիաընկերությունը կարծում է, որ սա լավ հնարավորություն է երկկողմանի ուղևորահոսքի համար։ Ոչ միայն հայաստանցիները կկարողանան մեկնել Բաթում, այլև վրացի ուղևորներն էլ կարող են փոխադարձաբար Երևանում տոնական օրերն անցկացնել։
Տոմսերը կարելի է ամրագրել ավիաընկերության պաշտոնական կայքէջից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ինքնաթիռների տեխնիկական սպասարկում է իրականացվելու, ինչով պայմանավորված` հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը «Հայկական ավիաուղիների» չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն։