ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որի թեման ինքնաքննադատությունն էր, թեժ է անցել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Քննադատությունների թիրախում է եղել պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ ՔՊ-ականների մի խումբ հայտարարել է, թե Քոչարյանը բոլորին բոլորի դեմ է փորձում հանել։
Թերթի տեղեկություններով՝ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների խումբը մեծանում է, այդ շարքերում են Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը և ուրիշներ։ Վերջնական որոշում դեռ չկա։
Ըստ պարբերականի` նույն նիստում բարձրացվել է նաև Հովիկ Աղազարյանի մանդատի անհամատեղելիության հարցը, քանի որ նա ԱԺ ամբիոնն օգտագործել է որդիների գործերից խոսելու համար, ինչն արգելված է պատգամավորին օրենքով։ Քննադատություններ են հնչել նաև ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հասցեին։
Հիշեցնենք` Քոչարյանը հոկտեմբերի 29–ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ տեղյակ չէ հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն հեռացնելու նախաձեռնության մասին։