ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կարծիքով` 2025 թվականի ՀՀ առողջապահության նախարարության հաստատված բյուջեն խնդրահարույց է։ Այս մասին ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ցավոք սրտի, 2022 թվականին առողջապահության ծախսերը եղել են ՀՆԱ–ի 1.5 %-ի շրջանակներում, 2023 թվականին այն դարձել է 1.6 %, իսկ 2025 թվականի բյուջեով վերադարձել ենք 1.5 %-ի շրջանակներ։ Մենք կարծում ենք, որ որպես առաջնահերթություն, բյուջեն չի արտահայտում մեր դիրքորոշումը»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` իրենք շարունակաբար աշխատելու են, որ և վերականգնեն կորցրած բյուջեն, և հավելյալ գումարներ տրամադրեն առողջապահությանը։
Հիշեցնենք` ՀՀ Առողջապահության նախարարության բյուջեն 2025 թվականին կլինի 162 մլրդ 996 մլն դրամ, որը 5,3 մլրդ դրամով պակաս է 2024 թվականի բյուջեով նախատեսված գումարից։