ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում թյուրըմբռնումներից ազատվելու ժամանակն է։ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն այս հայտարարությունն արել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վլադիմիր Բուլավինի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր:
Սենատորը նշել է, որ անցած երկու դարերի ընթացքում ստեղծվել է ամուր հիմք, որի վրա են կառուցված Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները փոխգործակցության տարբեր ուղղություններով:
«Շահագրգռված ենք, որ հարաբերությունները զարգանան դաշնակցային ճանապարհով։ Վստահ ենք, որ միջխորհրդարանական փոխգործակցությունը պետք է իր էական ներդրումն ունենա այդ գործընթացում», - ասել է քաղաքական գործիչը։
Կողմերը նշել են, որ այժմ ռուս-հայկական փոխգործակցության մի շարք ուղղություններով հարցեր են ի հայտ եկել, որոնք պահանջում են լրացուցիչ աշխատանքներ: