«Ռեալը» 1 մլն եվրո է նվիրաբերել Իսպանիայում ջրհեղեղից տուժածներին

Մադրիդի «Ռեալի» հիմնադրամն ու Կարմիր խաչն այսօր դրամահավաք են սկսել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Իսպանիայում ջրհեղեղից տուժածներին օգնելու նպատակով Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը մեկ միլիոն եվրո է նվիրաբերել: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մադրիդի «Ռեալի» հիմնադրամն ու Կարմիր խաչն այսօր դրամահավաք են սկսել՝ հաջակցություն տուժածների: «Մադրիդի «Ռեալը» որոշել է աջակցել դրամահավաքի նախաձեռնությանը՝ կրիտիկական վիճակում գտնվող և մեր աջակցության կարիքն ունեցող բազմաթիվ ընտանիքների օգնության համար նվիրաբերելով մեկ միլիոն եվրո», - ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 140-ի (այս պահին՝ 158 - խմբ.), որից 101-ը՝ Վալենսիա նահանգում: Ինչպես Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից, ողբերգության զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ և էթնիկ հայեր չկան։
Ի հիշատակ հորդառատ անձրևների հետևանքով զոհվածների՝ Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ Է հայտարարել: Բնական տարերքներն առավել լուրջ վնաս են հասցրել Վալենսիայի ճանապարհային ենթակառուցվածքին, որտեղ ամբողջությամբ փակվել է ավելի քան 60 ճանապարհ։
Ողբերգության ֆոնին երկրի արտակարգ իրավիճակների ռազմական ստորաբաժանումն ավելի քան 1000 զինծառայող է տեղակայել Վալենսիա նահանգում՝ Վալենսիայի ժեներալիտետի (նահանգային կառավարություն – խմբ․) արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի արտակարգ իրավիճակների ծառայությունների հետ համատեղ պայքարելու հորդառատ անձրևների հետևանքների դեմ:
Հոկտեմբերի 31-ին ավելի վաղ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան (RFEF) հայտարարել էր այս շաբաթ Վալենսիա նահանգում կայանալիք մի քանի հանդիպումների հետաձգման մասին, այդ թվում՝ Լա Լիգայի 12-րդ տուրի «Վալենսիա» - «Ռեալ» հանդիպումը, որն առաջնության օրացույցով նշանակված էր նոյեմբերի 2-ին: RFEF -ի հովանու ներքո անցկացվող մյուս հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ: