ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները շատ թափանցիկ են։ Երկու երկրները ամուր տնտեսական կապերով են կապված։ Այս մասին ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ․ բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը մի շարք արտաքին քաղաքական հարցերում ունեն տարաձայնություններ, երբեմն չեն կիսում միմյանց դիտարկումները, օրինակ` ՀԱՊԿ–ում։
«Բայց կան մի շարք ուղղություններ, որտեղ մենք շարունակում ենք համագործակցությունը, օրինակ` ԵԱՏՄ շրջանակներում»,–ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածություն է նկատվում, դա հատկապես ակնհայտ է Արևմուտքի հետ Երևանի մերձեցման ֆոնին։
Սեպտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Համաշխարհային հայկական գագաթնաժողովում, ասել էր, որ ՀՀ–ն մոտենում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում «անվերադարձ» կետին և մեղադրել էր կազմակերպությանը Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգներ ստեղծելու մեջ։ Կրեմլն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհամաձայնություն է հայտնել Հայաստանի վարչապետի գնահատականների հետ՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ից ոչ մի սպառնալիք չի բխում, ընդհակառակը, կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։