ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհագրական ծագումնաբանության նշումները շատ կարևոր են ժամանակակից տնտեսության մեջ։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այս վերջերս ենք գլխի ընկել, որ, օրինակ` շամպայնը ոչ թե ի սկզբանե խմիչք է եղել, այլ աշխարհագրական անուն է, և նույնը վերաբերում է կոնյակին։ Սա է պատճառը, որ մենք մինչ այսօր խնդիրներ ունենք, երբ խոսում ենք արտահանման մասին։ Մենք գալիս ենք սովետական սպառողական «շամպայն» գաղափարից, ինչն այսօր անթույլատրելի է»,– ասաց նա։
Ըստ նրա` մենք պետք է աշխատենք ոչ թե այն ուղղությամբ, որ ինչ–որ մեկին ապացուցենք, որ «շամպայնը» մենք ենք ստեղծել, այլ պետք է արձանագրենք, որ նման բան ի բնե չէր կարող լինել, քանի որ շամպայնը փրփրուն գինին չէ, այլ դա արտադրվում է Շամպայն տարածաշրջանում աճեցված խաղողից։ Փաշինյանի խոսքով` նույնը վերաբերում է կոնյակին, որը նույնպես տարածաշրջանի անուն է և վերաբերում է այն բրենդին, որը ստեղծվել է Կոնյակ տարածաշրջանում արտադրված խաղողից։
Փաշինյանն այն կարծիքին է, որ առանց նման հարցերի հետ առերեսվելու հնարավոր չէ ժամանակակից տնտեսություն ունենալ։
«Կոնյակը հիմա Ֆրանսիայի համար ոչ նյութական արժեք է, ու այն երկրները, որոնք հայտարարում են, թե կոնյակ են արտադրում ու ասում` գիտե՞ք` ինչ կոնյակ ունենք, ասում–ուրախանում, չեն տեսնում, թե կողքից ինչ քմծիծաղ է դա առաջացնում։ Դա մոտավորապես միջպետական մակարդակում «Դիլիջանի ջերմուկ» մտքի նյութականացնումն է։ Սա շատ խայտառակ բան է. մենք չենք հետազոտում, թե ուրիշները մեզ ինչպես են ընկալում»,– նշեց Փաշինյանը։
Ըստ նրա` եթե այսպես շարունակվի, ապա մենք կարող ենք լինել ետնախորշերի տնտեսություն, որտեղ կարելի է տանել թաքուն տեղերում թաքուն բաներ վաճառել։
«Մեր կառավարությունը որքան էլ ուժեղ քաղաքական կամք ունենա, ինչքան էլ հայրենասեր լինի ու նվիրված, ինչքան էլ գերպրոֆեսիոնալ լինի, մենք չենք կարող հիմնավորել և ապացուցել, որ ՀՀ–ում կոնյակ խմիչք է արտադրվում։ Խորհդրային Հայաստանում արտադրել են, գրել են` «կոնյակ», մարդիկ էմոցիոնալ կապ են ձեռք բերել, և դա դարձել է մեր ընկալման մաս։ Այս խնդիրը միայն կառավարության որոշմամբ չի լուծվելու. մենք պետք է հասնենք նրան, որ երբ ընտանիքի անդամը զանգի մյուսին, ասի` մտի խանութ, մի շիշ կոնյակ առ, հետդ տուն բեր, այդ մարդն իսկապես առնի ֆրանսիական արտադրության կոնյակ։ Մինչդեռ, եթե նա նկատի ունի այն, ինչ մինչև հիմա ենք արտադրում, զանգի, ասի` հայկական բրենդի մի հատ հետդ բեր։ Սա շատ կարևոր գենետիկ նշանակություն ունի պետության հետագա զարգացման համար»,– վստահեցրեց վարչապետը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելացրեց, որ նախարարությունը հիմա աշխատում է միջազգային գործընկերների հետ` մեր հայկական բրենդիի դիրքավորման և զարգացման համար։
«Կարծում ենք, որ այդ անունով կարող ենք ապագայում պատշաճ դիրքավորվել, քանի որ նրա որակը բավականին բարձր է»,– ասաց նա։
Ըստ Պապոյանի` հայկական բրենդի արտադրող այն ընկերությունները, որոնք կառավարության այս կարգավորումներին չեն հետևի, առնվազն պետական աջակցությունից պետք է զրկվեն։ Նաև տեսչական մարմինների հետ պետք է հսկողություն իրականացվի շուկայում։
Հիշեցնենք` 2023 թ–ի նոյեմբերի 3–ին ՀՀ այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ ոլորտի խաղացողների ու խոշոր բրենդինգային ընկերությունների հետ քննարկել են ու որոշել, որ պետք է առաջ գնալ «Armenian brandy» աշխարհագրական տեղանունով։
Ըստ նրա` մինչ այդ էլ Եվրամիությունն էր վարձել խոշոր խորհրդատվական ընկերություն, որը նույն առաջարկն էր ներկայացրել։ Հիմա Հայաստանը ԵՄ–ի և հատկապես Ֆրանսիայի գործընկերների հետ աշխատում է, որպեսզի Armenian brandy–ն լինի ոչ թե պարզապես ապրանքային նշան կամ բրենդ, այլ որ այս անվանումն արդեն նշանակի որոշակի որակի չափանիշներ և վերահսկման խիստ համակարգ։