ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. «Plug and Play» ընկերությունը, որը մտնում է աշխարհի 10 խոշորագույն բարձրտեխնոլոգիական աքսելերատորների (ստարտափների աջակցության հարթակների) մեջ, Հայաստանում առաջին անգամ կատարել է 20 ստարտափների ընտրություն, որոնց հետ կանցկացնի 14-շաբաթյա դասընթաց:
«Ի սկզբանե ներկայացվել էր 119 հայտ, ուստի ընտրությունը հեշտ չէր»,– Sputnik Արմենիային ասաց Ալֆրեդո Գոմես Սորիան՝ «Plug and Play»-ի կորպորատիվ գործընկերության ավագ մենեջերը:
Ընտրված թիմերը գտնվում են զարգացման տարբեր փուլերում. ոմանք ունեն միայն MVP («նվազագույն կենսունակ արտադրանք», այսինքն՝ ծրագրի կամ հավելվածի նվազագույն օգտագործելի տարբերակ), ոմանք էլ արդեն ունեն պատրաստի պրոդուկտ և առաջին հաճախորդներ:
Աքսելերատորը Հայաստանում սկսել է գործել մոտ երկու ամիս առաջ՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, կենտրոնական բանկի, ինչպես նաև նախարարության կողմից սփյուռքահայ ստարտափների աջակցության համար ստեղծված «Ներուժ» հիմնադրամի հետ բանակցությունների հաջող ավարտից հետո:
Client first
Դասընթացը (առկա, այլ ոչ թե հեռավար) կներառի նաև ծրագրավորման և արհեստական բանականության նրբությունները։ Այնուամենայնիվ, հիմնական շեշտը չի դրվելու դրա վրա (քանի որ լսարանը կազմված է կայացած մասնագետներից)։ Ունկնդիրներին հիմնականում կուսուցանեն ֆինանսական կառավարում, բիզնես մոդելների կազմում, և ամենակարևորը` կօգնեն մուտք գործել համաշխարհային շուկա:
«Թվում է, թե ստարտափներին գումար է պետք, բայց ոչ։ Առաջին հերթին նրանց հաճախորդ է պետք։ Մենք կապեր ունենք աշխարհի շուրջ 700 կորպորացիաների հետ, և նման կապերի ցանցից հնարավոր կլինի օգտվել», – նշեց մեր զրուցակիցը։
Հրաժարվել դրամաշնորհային կախումից
Ստարտափների համար շատ կարևոր է հրաժարվել դրամաշնորհային կախվածությունից, որի դեպքում «մեռնում է» ինքնուրույն աշխատելու խթանը։
Իհարկե, սկզբնական զարգացման համար բիո կամ այլ բեկումնային տեխնոլոգիաների ստարտափներին անհրաժեշտ են դրամաշնորհներ, բայց, Սորիայի խոսքով, այլ ոլորտներում առանց դրանց կարելի է զարգանալ, եթե շատ աշխատես։
«Այն քաղաքականությունը, որ հիմա վարում են Հայաստանում, տարբերվում է նրանից, ինչ ես տեսել եմ շատ այլ երկրներում։ Ձեզ մոտ կառավարությունն այլևս դրամաշնորհներ չի տալիս ու ասում` գնա, ծախսիր, ինչպես ուզում ես»: Փոխարենը ստարտափը պետք է, օրինակ, գրանցի ընկերությունը Հայաստանում և այստեղ հավաքի անձնակազմ», - նշեց Սորիան։
Ըստ մասնագետի` «Փողն ամենը չէ» գաղափարը կրկին ապացուցվեց 2022-2023 թվականներին, երբ պարզվեց, որ շատ ստարտափներ և վենչուրային հիմնադրամներ գերագնահատված են, և այժմ դրանց արժեքը վերադառնում է շուկայական իրողություններին։
Հայաստանում կան հաջողված ստարտափներ, որոնք չեն ներգրավել կամ գրեթե չեն ներգրավել օտարերկրյա ֆինանսավորում (ամենաակնհայտ օրինակը «Renderforest»-ն է):
Սո՞ֆթ, թե՞ «հարդ»
Աքսելերատորը պատրաստ է նախագծեր ընդունել ոչ միայն ՏՏ-ից, այլև բարձր տեխնոլոգիաների այլ ոլորտներից, բայց պետք է հասկանալ, որ ՏՏ–ին զարգացման համար ավելի քիչ ռեսուրսներ և ժամանակ է պետք, քան էլեկտրոնիկայի կամ բիոտեխնոլոգիաների ընկերություններին: Իսկ առաջին անգամի համար ընկերությունը ցանկանում է հասնել առավելագույն արդյունքի նվազագույն ժամանակահատվածում:
Հետագա նախագծեր
Այժմ «Plug and Play»-ը (որը գրանցված է ԱՄՆ Սիլիկոնյան հովտում) աշխատում է աշխարհի 60 վայրերում, այդ թվում` ԱՊՀ երկրներից Ուզբեկստանում։ Հետաքրքիր է, որ ընկերության աշխատակիցների մեջ կան նաև հայեր, բայց նրանք դեռ այլ երկրներում են աշխատում։
Հայաստանում, ինչպես նշեցինք, դասընթացը տևելու է 14 շաբաթ, բայց դասընթացավարներին պատրաստում են ավելի հեռահար նպատակներով. նրանց հետ երկարաժամկետ պայմանագրեր են կնքվել: Ընկերությունը քննարկում է մի քանի դասընթաց անցկացնելու, իսկ հետո երկրում ներկայացուցչություն բացելու հնարավորությունը։
«Plug and Play»-ն իր նախագծերը ներկայացրել է Երևանում անցկացվող WCIT 2024 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում, որի համակազմակերպիչներն էին Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE), բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսը (WITSA):