ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը կթույլատրի ՀԱԷԿ–ին առանց մրցույթի գնել սարքավորումներ, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն կայանի համար։ Որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստում։
Այս որոշմամբ կպարզեցվեն կայանի շահագործման ժամկետի 2–րդ երկարաձգման աշխատանքները։ Փոխարինման ենթակա սարքավորումների մի մասը եզակի է, քանի որ ժամանակին դրանք ստեղծել են կոնկրետ ձեռնարկություններ՝ հատուկ Հայկական ԱԷԿ–ի համար:
«Նախագծի ընդունումը ՀԱԷԿ–ին հնարավորություն կտա շահագործման ժամկետի երկարացման և ընթացիկ կարիքների համար անհրաժեշտ գնման գործընթացներն իրականացնել մասնագիտացված, փորձառու կազմակերպություններից՝ սահմանված ժամկետներում և նշված տեխնիկական բնութագրով»,– ասված է որոշման մեջ:
Եթե «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքով հայտարարվի մրցույթ և ընտրվի այլ մատակարար, ապա սարքավորումների փոխարինումը պետք է համաձայնեցվի վերահսկիչ մարմինների, մասնավորապես Հայաստանի միջուկային անվտանգության պետական կոմիտեի հետ: Այս գործընթացները կարող են ձգձգել ԱԷԿ–ի սարքավորումների փոխարինման աշխատանքները:
Այդ իսկ պատճառով այդ սարքավորումներն առանց մրցույթի կգնվեն սկզբնական արտադրողից:
Հիշեցնենք, որ Մեծամորի ԱԷԿ–ի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թվականին, սակայն արդիականացման և վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ այն երկարացվել է մինչև 2026 թվականը: Վերազինման աշխատանքները իրականացվում են «Ռոսատոմ» ընկերության մասնակցությամբ։