Երևանում բացվել է Երվանդ Մանարյանի արձանը

Արձանը կանգնեցվել է մեծանուն արտիստի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Երևանում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանը։
Արձանի բարձրությունը 2.8 մետր է, այն տեղադրվել է Սայաթ-Նովա 4 հասցեին հարող տարածքում՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց, որտեղ երկար տարիներ աշխատել է Մանարյանը։
Բրոնզաձույլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն է, ճարտարապետը՝ Միքայել Միսակյանը։
Երևանում բացվել է Երվանդ Մանարյանի արձանը
Բացման արարողությանը հետևել է մեծանուն դերասանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը և լուսանկարների ցուցահանդեսը:
Հիշեցնենք` 96–ամյա Երվանդ Մանարյանը մահացավ 2020 թվականի փետրվարի 20-ին։
Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Իրանում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։
1957-1959թթ. եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ 1959-1961 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։
Երևանում բացվել է Երվանդ Մանարյանի արձանը
Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Խաղացել է նաև «Հարսնացուն Հյուսիսից», «Հարսնացուն Ջերմուկից», «Տժվժիկ», «Մորգանի խնամին» և այլն։
Իսկ 2018 թ-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի պատվավոր կոչում էր շնորհվել։