ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհում փաստացի չեն մնացել միջազգային անվտանգության երաշխիքների օրինական գործիքներ, աշխատանքներ չեն տարվում այդ ոլորտում նոր համաձայնագրեր կնքելու ուղղությամբ։ Այս հայտարարությունն արել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի II միջազգային համաժողովում` նվիրված եվրասիական անվտանգության հարցերին։
Նա նշել է, որ այսօր աշխարհում 55 զինված հակամարտություն է ընթանում. այս ցուցանիշը ռեկորդային է Համաշխարհային երկրորդ պատերազմից ի վեր։
«Հատկապես ակներև է այն, որ այս ոլորտում (միջազգային անվտանգություն. խմբ.) նոր պայմանագրեր կնքելու ուղղությամբ որևէ աշխատանք չի տարվում։ Նշանակում է` դրանք ինչ–որ մեկին պետք չեն։ Առաջին հերթին քաղաքական գործիչների խղճին է դա, ոչ թե զինվորականների», - ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահն ընդգծել է, որ միջազգային անվտանգության ոլորտում մեծ հաշվով մնացել է ընդամենը երկու փաստաթուղթ՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը և Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագիրը։
«Սակայն դրանք էլ չեն գործում։ Առաջինը գրեթե չի իրականացվում, իսկ երկրորդը բարոյապես մաշվել է», - նշել է Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ցույց տվեց անվտանգության գլոբալ երաշխավորի դեր խաղալու իր անկարողությունը։
«Աշխարհը համակած ճգնաժամի մասշտաբներն ակնհայտ են դառնում։ Սոցիալիստական ամբողջ ճամբարի փլուզումից հետո իրեն ազատ աշխարհի առաջնորդի կոչում շնորհելով` ԱՄՆ-ն, չնայած իր ողջ ներուժին, չկարողացավ դառնալ գլոբալ հենարան և անվտանգության երաշխավոր` հասկացության լայն իմաստով»,- ընդգծել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը հայտարարել է նաև Եվրասիայի տարածքից ամերիկյան միջուկային զենքը դուրս բերելու անհրաժեշտության մասին։
Խոսելով ԱՄՆ-ի մասին՝ Բելառուսի ղեկավարը մտավախություն է հայտնել, որ կարող է այդ երկրում քաղաքացիական պատերազմ սկսվել։
«Ժողովրդավարության մոլեգնումը հանգեցրեց քաղաքացիական հասարակության պառակտման վախեցնող ծավալների։ Մենք վտանգավոր իրավիճակ ենք տեսնում Գերմանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Մոլդովայում, Վրաստանում, Ամերիկան ինքն էլ վերջին տասնամյակում տենդի մեջ է: Վախենում եմ, որ կարող ենք ականատես լինել ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի, ամեն ինչ դրան է տանում, նրանք` խելագարները, սեփական ձեռքերով են անում դա ու դեռ հավակնում են աշխարհում կարգուկանոն հաստատելուն։ Նախ պետք է իրենց մոտ կարգի բերեն ամեն բան և ցույց տան դա համաշխարհային հանրությանը»,- նշել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն կոչ է արել միավորել պետությունների ուժերը՝ ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու համատեղ միջոցներ մշակելու համար: