ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մինսկի II միջազգային համաժողովում` նվիրված եվրասիական անվտանգության հարցերին։
«Արևմուտքը չի դադարեցնում իր ապակառուցողական գործունեությունը եվրասիական մայրցամաքի նաև այլ հատվածներում։ Հարավային Կովկասում նա համառորեն պարտադրում է իր ծառայությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- ասել է Լավրովը։
Ինչպես նշել է նախարարը, 20-ամյա օկուպացիայից հետո Աֆղանստանից փախած ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ցանկանում են միջամտել այս երկրում իրավիճակի կայունացման փխրուն գործընթացին։ Նրանք նաև պատրվակներ են հորինում Կենտրոնական Ասիայի երկրներում իրենց ռազմական ներկայության համար։
ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ագրեսիվ գործողությունների հետևանքով մեծացել են մայրցամաքի մասնատման ռիսկերը, նշել է Լավրովը։
Մինչ այս այն մասին, որ ԱՄՆ-ն և մի շարք արևմտյան երկրներ փորձում են միջամտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վրա աշխատելու գործընթացին, հայտարարել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել էր, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում։ Հաստատվել է նաև ռուսական կողմի պատրաստակամությունը՝ առաջ մղելու սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև տրանսպորտա-լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործընթացը։