Այսօրվա Կոմիտասը ՀՀ–ն է. Փաշինյանը` ոչ նյութական արժեքները պահպանելու մասին

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև ազգային երաժշտության պահպանմանը` հիշատակելով «Անա–անա–նան, քե ղուրբան» երգը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ինչո՞ւ է մեր մշակույթի մեջ Կոմիտաս վարդապետի դերն այդքան բարձր գնահատվում.այն պարզ պատճառով, որ մեր ոչ նյութական ժառանգության մի մասն անէանալուց փրկել է` գյուղեգյուղ գնալով, հավաքելով։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն ժամանակ մենք պետություն չենք ունեցել, սակայն մենք հիմա պետություն ունենք, որը պարտավոր է մշակութային այդ քաղաքականությունն իրականացնել»,– ընդգծեց նա։
Ոչ նյութական արժեք է նաև մեր խոհանոցը. Փաշինյանը որոշել է գրանտային ծրագիր իրականացնել
Փաշինյանն անդրադարձավ նաև ազգային խաղերին` նշելով, որ մշակութային այս հսկա շերտը կորսվում է, քանի որ ազգային խաղերը, որոնք մի ժամանակ մեր երեխաները խաղում էին բակերում, հայտնի պատճառներով կամաց–կամաց անէանում են։
«Տասնյակ տարիներ անց ՀՀ գիտահետազոտական ինստիտուտները միլիոններ պետք է ծախսեն, որպեսզի այդ ինֆորմացիան պատառ–պատառ վերականգնեն։ Մենք այսօր հույս չունենք, որ երեխաներին կարող ենք համոզել, որ նորից այդ խաղերը խաղան, սակայն դա մեր սոցիալ հոգեբանությունը ու, ընդհանրապես, մեր երկիրը, ժողովրդին ուսումնասիրելու համար կարևոր հանգամանք է. երեխաները մեծանում են ու հետագայում դառնում են պատգամավոր, նախարար կամ բիզնեսմեն, պետական պաշտոնյա… Հանրությանը հետազոտելու, խնդիրները վերհանելու և լուծելու համար չափազանց կարևոր ինֆորմացիա է, թե ինչ խաղեր են խաղում երեխաները»,– հայտարարեց վարչապետը։
Փաշինյանը խոսեց նաև ազգային երաժշտության պահպանումից` հիշատակելով «Անա–անա–նան, քե ղուրբան» երգը։
«Ես փորձեցի այն փնտրել «Յութուբում» կամ համացանցում, ու գիտե՞ք` որքան արդյունք բերեց, զրո։ Եթե ՀՀ կառավարության որոշմամբ այս արժեքը չամրագրենք, դա նշանակում է, որ այն այս կամ մյուս տարի անվերադարձ կորուսված կլինի։ Հետո կասենք` բա Կոմիտասն ո՞ւր էր, գար, հավաքեր մի տեղ, արձանագրեր։ Հետևաբար, այսօրվա Կոմիտասը ՀՀ–ն է»,– հայտարարեց վարչապետը։
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է ևս 12-ով
Փաշինյանն ասաց` ՀՀ կառավարությունը պետք է լիարժեք իրականացնի իր առջև դրված բարդ աշխատանքը, որպեսզի փրկվեն մեր ոչ նյութական արժեքները։